UBPay համակարգին բաժին է ընկնում Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի ավելի քան 24%-ը

25.04.2025

UBPay 1

2024 թվականին դրամական փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 6%-ը, ինչը համաշխարհային միջին ցուցանիշից՝ 0.78%-ից, զգալիորեն բարձր է։ Ներկայումս ՀՀ-ն 186 երկրների շարքում զբաղեցնում է 47-րդ տեղը ՀՆԱ-ի նկատմամբ դրամական փոխանցումների ծավալի հարաբերակցությամբ, որն ընդգծում է երկրի տնտեսական և սոցիալական կայունության համար այս ոլորտի զարգացման կարևորությունը։

FINTECH360 միջազգային համաժողովում Հայաստանի ազգային վճարահաշվարկային համակարգի՝ UBPay-ի գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ընդգծեց այս հարթակի աճող ազդեցությունը։ UBPay-ին բաժին է ընկնում Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի ավելի քան 24%-ը, իսկ 2027 թվականի ավարտին նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 55%:

«Դրամական փոխանցումները պարզապես ֆինանսական գործարքներ չեն. սրանք ընտանեկան աջակցության և անդրսահմանային ամուր կապերի պատմություններ են։ Հայաստանի փորձը ցույց է տալիս, թե որքան կարևոր են դրամական փոխանցումները՝ ինչպես տնտեսության համար, այնպես էլ՝ մարդկանց առօրյա կյանքում։ UBPay-ում հպարտ ենք, որ մեր բաժին ներդրումն ունենք առավել անվտանգ, հարմար, մատչելի և նորարարական դրամական փոխանցումների էկոհամակարգ ստեղծելու խնդրի լուծման հարցում»,- իր զեկույցում նշել է Սեյրան Սարգսյանը։

Վերջին տասնամյակի ընթացքում դրամական փոխանցումների ծավալները գրանցում են կայուն աճի միտումներ, որն ընդգծում է դրանց որոշիչ դերը տնտեսական ակտիվության խթանման և երկրի ընդհանուր ֆինանսական կայունությանը նպաստելու գործում։ Դրամական փոխանցումները շատ ընտանիքների ծառայում են՝ որպես ֆինանսական փրկարար օղակ։ Հայկական սփյուռքը վճռորոշ դեր է խաղում այդ ֆինանսական աջակցության մեջ։ Հայկական նշանակալի սփյուռք ունեցող հիմնական երկրների թվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Վրաստանը, Կանադան և ԵՄ պետությունները։ Դրամական փոխանցումներից տնտեսության կախվածությունն ընդգծում է հետագա նորարարությունների և միջսահմանային գործարքները հեշտացնող համակարգերի կատարելագործման կարևորությունը։

«UBPay-ի զարգացման գործում մեծ ուշադրություն է դարձվում նորարարությանը: Մենք առաջարկում ենք արագ, ապահով և հաճախորդին հարմար փոխանցումներ՝ հեռախոսահամարով, քարտով կամ դրամապանակով: Հաջորդ ամիս կգործարկվի ծառայությունից օգտվելն առավել հարմարավետ դարձնող մոբայլ հավելվածը»,- հավելեց Սեյրան Սարգսյանը։

Սեյրան Սարգսյանը նաև նշեց, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ դրամական փոխանցումների ոլորտում գործող արտասահմանյան վճարային համակարգերը կարող են փոխգործակցել հայաստանյան մասնակիցների հետ միայն ազգային վճարային այնպիսի համակարգերի միջոցով, ինչպիսին է UBPay-ը։

«Մենք կառուցել ենք ամուր գործընկերային կապեր Հայաստանի բանկային ոլորտում և ակտիվորեն ընդլայնում ենք մեր միջազգային ցանցը։ UBPay-ը պայմանագրեր է կնքել 10 առաջատար միջազգային համակարգերի և բանկերի հետ, որոնք կապահովեն փոխանցման հիմնական միջանցքները»,- ասաց Սեյրան Սարգսյանը։

վերադառնալ նորություններին